Ինչպե՞ս են աշխատում COVID-19-ի դեմ պատվաստանյութերը
COVID-19-ի դեմ պատվաստանյութերը մեր օրգանիզմին օգնումեն իմունիտետ ձեռք բերել COVID-19-ի հարուցիչի՝ վիրուսի նկատմամբ, առանց այդ հիվանդությամբ վարակվելու:
Պաշտպանություն ապահովելու տեսանկյունից տարբեր պատվաստանյութեր տարբեր կերպ են գործում: Սակայն բոլոր պատվաստանյութերի դեպքում էլ մարդու օրգանիզմը ձեռք է բերում «հիշողություն»` T-լիմֆոցիտներ, ինչպես նաև B-լիմֆոցիտներ, որոնք հետագայում հիշում են, թե ինչպես պայքարել վիրուսի դեմ:
Սովորաբար պատվաստումից հետո օրգանիզմին մի քանի շաբաթ է անհրաժեշտ, որպեսզի այն սկսի արտադրել T-լիմֆոցիտներ և B-լիմֆոցիտներ: Այդ պատճառով հավանական է, որ մարդը վարակվի COVID-19-ի վիրուսով պատվաստումից անմիջապես առաջ կամ հետո ու հիվանդանա, քանի որ պատվաստանյութը պաշտպանություն ապահովելու համար բավական ժամանակ չի ունեցել:
Երբեմն պատվաստումից անմիջապես հետո իմունիտետի ձևավորման սկզբում կարող են ի հայտ գալ որոշ ախտանիշներ, ինչպիսիք են`ցավը ներարկման տեղում, թեթև ջերմությունը, հոգնածությունը, գլխացավերը, մկանային ցավերը կամ հոդացավերը: Սրանք սպասվող երևույթներ են և վկայում են այն մասին, որ օրգանիզմն իմունիտետ է ձևավորում: Պատվաստվածների մի մասի մոտ նման երևույթներ չեն լինում, բայց դա չի նշանակում, որ իմունիտետ չի ձևավորվում:
Պատվաստանյութի տեսակները
Այժմ COVID-19-ի դեմ կա չորս հիմնական տեսակի պատվաստանյութ: Ստորև նկարագրված է, թե ինչպես է դրանցից յուրաքանչյուրը ստիպում մեր օրգանիզմին ճանաչել և պաշտպանվել COVID-19 առաջացնող վիրուսից: Հարկ է ընդգծել, որ պատվաստանյութերից ոչ մեկը մարդու մոտ COVID-19չի առաջացնում:
մ-ՌՆԹ պատվաստանյութերը պարունակում են կորոնավիրուս առաջացնող վիրուսից անջատված նյութ, որը մեր օրգանիզմի բջիջներին հրահանգում է, թե ինչպես արտադրել վիրուսին բնորոշ անվնաս սպիտակուց: Սպիտակուցը պատճենելուց հետո, մեր օրգանիզմի բջիջները ոչնչացնում են պատվաստանյութի գենետիկ տարրը: Մեր օրգանիզմը գիտակցում է, որ սպիտակուցը չպետք է այնտեղ լինի ու ստեղծում է T-լիմֆոցիտներ և B-լիմֆոցիտներ (անվանում ենք նաև հակամարմիններ), որոնք ապագայում վարակման դեպքում, կհիշեն, թե ինչպես պայքարել COVID-19 հարուցող վիրուսի դեմ: Այս պահին նման մեխանիզմով ազդում են Pfizer-BioNTech և Moderna պատվաստանյութերը:
Սպիտակուցային հիմքով ենթամիավորային պատվաստանյութերը ամբողջական վիրուսի փոխարեն պարունակում են COVID-19 հարուցող վիրուսի անվնաս մասնիկները (սպիտակուցներ): Պատվաստվելու դեպքում մեր օրգանիզմը հասկանում է, որ այդ սպիտակուցը չպետք է լինի այդտեղ, և ստեղծում է T-լիմֆոցիտներ ու հակամարմիններ, որոնք, հետագայում վարակվելու դեպքում, կհիշեն` ինչպես պայքարել COVID-19 առաջացնող վիրուսի դեմ: Այս պահին նման մեխանիզմով ազդում է Novovac պատվաստանյութը։
Ամբողջական վիրուսի ապաակտիվացման եղանակով ստեղծված պատվաստանյութ։ Այս պահին նման մեխանիզմով ազդում են Coronavac/Sinovac, Sinopharm պատվաստանյութերը:
Վեկտորային պատվաստանյութերը պարունակում են COVID-19-ի վիրուսից տարբերվող վիրուսի ձևափոխված տարբերակ: Փոփոխված վիրուսի պատյանում առկա է COVID-19-ի վիրուսի մաս կազմող տարր, որը կոչվում է «վիրուսային վեկտոր»: Երբ վիրուսային վեկտորը հայտնվում է մեր բջիջներում, գենետիկական նյութը բջիջներին կարգադրում է արտադրել COVID-19 առաջացնող վիրուսին հատուկ սպիտակուց, և ըստ ստացված հրահանգների, մեր բջիջները պատճենում են այդ սպիտակուցը: Սա ստիպում է մեր օրգանիզմին ստեղծել T-լիմֆոցիտներ և B-լիմֆոցիտներ՝ հակամարմիններ, որոնք պատրաստ կլինեն պայքարել հետագայում վարակվելու դեպքում1: Այս պահին նման մեխանիզմով ազդում են Sputnik V և AstraZeneca պատվաստանյութերը: