Ի՞նչ ակնկալել պատվաստվելուց հետո
COVID-19-ի դեմ պատվաստվելը կօգնի պաշտպանվել այդ վիրուսից: Պատվաստումից հետո հնարավոր են կողմնակի երևույթներ, որոնք օրգանիզմի պաշտպանություն ձևավորելու նորմալ նշաններ են: Այդ կողմնակի ազդեցությունները կարող են խոչընդոտել մարդու առօրյա գործունեությունը, սակայն մի քանի օրից անցնում են: Լինում են դեպքեր, երբ պատվաստումից հետո մարդկանց մոտ կողմնակի ազդեցություններ չեն նկատվում1:
Հաճախ հանդիպող կողմնակի երևույթներ են՝
• Ցավ, կարմրություն, և/կամ այտուցվածություն ներարկման տեղում
• Հոգնածություն, թուլություն, գլխացավ, մկանացավ, դող, բարձր ջերմություն և/կամ սրտխառնոց1:
Ինչպես բոլոր դեղամիջոցները, այնպես էլ պատվաստանյութերը, կարող են կողմնակի ազդեցություններ ունենալ: Դրանց մեծ մասը մեղմ են ու կարճատև, ընդ որում, դրսևորվում են ոչ բոլորի մոտ: COVID-19-ի դեմ ոչ բոլոր պատվաստանյութերն են միմյանց նման: Սովորաբար, բոլոր պատվաստանյութերի դեպքում էլ նկատվող կողմնակի ազդեցությունները նույնն են, տևում են մեկ կամ երկու օր2:
Պատվաստված ձեռքի կողմում կարող է առաջանալ թևատակի կամ պարանոցի ավշային հանգույցների մեծացում: Եթե երևույթը տևում է 10 օրից ավելի, հարկավոր է դիմել բժշկի:
Ծանր և հազվադեպ հանդիպող կողմնակի երևույթները կարող են արտահայտվել հետևյալ կերպ՝
• հանկարծակի սուր սկիզբ
• զարկերակային ճնշման հանկարծակի անկում (60/20)
• թելանման պուլս
• գիտակցության մթագնում
• դեմքի մաշկի կարմրություն
• արտահայտված բրոնխոսպազմ
• դժվարացած, աղմկոտ շնչառություն
• արտահայտված ցանավորում՝ եղնջացան, քոր, կարմրություն
• լեզվի, շրթունքների այտուցվածություն
• Կվինկեի այտուց որն ուղեկցվում է`
• պրոգրեսիվ դժվարացող շնչառությամբ
• խեղդվելու զգացումով
• աղմկոտ շնչառությամբ
Պատվաստումից հետո 4-28 օրվա ընթացքում հետևյալ ախտանիշների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկի՝
• տեսողական խանգարումներ՝ աղոտ տեսողություն կամ կրկնատեսություն,
• հևոց կամ ցավ կրծքավանդակում,
• որովայնի ցավ (ենթադրվող դռներակի թրոմբոզ)
• վերջույթների այտուց, կարմրություն, գունատություն (ենթադրվող խորանիստ երակների թրոմբոզ կամ վերջույթների սուր իշեմիա,
• մաշկի անսովոր կապտուկ և/կամ կետային արյունահոսություն,
• մաշկի վրա փոքր մանուշակագույն, կարմիր կամ շագանակագույն բծեր
Ընդհանուր առմամբ, մարդիկ համարվում են պատվաստված`
-
AstraZeneca-ի, Sputnik V-ի, Sinovac (Coronavac) կամ Sinopharm պատվաստանյութերի դեպքում` 2-անգամյա ժամանակացույցով պատվաստման երկրորդ դեղաչափը ստանալուց 2 շաբաթ անց, կամ
-
Johnson &Johnson-ի Janssen-ի 1-անգամյա ժամանակացույցով պատվաստանյութի ներարկումից 2 շաբաթ անց5:
Մինչև ամբողջական պատվաստվելը, հարկավոր է կիրառել բոլոր միջոցները՝ Ձեզ և մյուսներին պաշտպանելու համար: Իսկ ամբողջական պատվաստվելուց հետո հարկավոր է հետևել պատկան մարմինների ցուցումներին:
Պատվաստումից հետո քաղաքացուն տրվում է պատվաստման սերտիֆիկատ՝ արտածված էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգից: Հայաստանում պատվաստված քաղաքացիների տվյալները մուտքագրվում են էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգ, իսկ Armed E-Health (Google Play/App Store) բջջային հավելվածի միջոցով հնարավոր է ստանալ պատվաստման մասին տեղեկատվություն ու QR-կոդը6: