Եթե ունեք կորոնավիրուսի ախտանշաններ

1․ Մնացե՛ք տանը
Մնացե՛ք տանը, բացառությամբ այն դեպքերի, երբ կարիք կա բուժօգնության։ Մի՛ գնացեք աշխատանքի կամ ուսման վայր, մի՛ այցելեք հասարակական վայրեր, մի՛ օգտվեք հասարակական տրանսպորտից/տաքսիներից։ Մթերքի, այլ գնումների կամ դեղամիջոցների անհրաժեշտության դեպքում՝ աշխատեք դրանք պատվիրել հեռախոսով կամ առցանց։

2․ Մեկուսացե՛ք տան մյուս անդամներից
Եթե բնակվում եք մի վայրում, որտեղ Ձեզ հետ միասին կան տան անդամներ կամ այլ անձինք՝ մեկուսացվե՛ք բացվող պատուհանով լավ օդափոխվող տարածքում։ Ապահովեք ամբողջ տարածքի ախտահանումը 70-80% սպիրտ պարունակող ախտահանիչով։ Պարբերաբար պատշաճ կերպով մաքրե՛ք լոգարանը, սահմանե՛ք լվացվելու և լոգանք ընդունելու համար հերթականություն, ըստ որի՝ մեկուսացված անձը պետք է վերջինն օգտվի լոգարանից և այնուհետև մանրակրկիտ մաքրի այն։ Առանձնացրե՛ք մեկուսացված անձի սրբիչը (և՛ լոգանքի, և՛ ձեռքերի) տան մյուս անդամների սրբիչներից։

3. Պահպանե՛ք սոցիալական հեռավորություն
Պահպանե՛ք սոցիալական հեռավորություն (1-1.5 մ)։ Խուսափե՛ք գրկախառնություններից, ձեռքսեղմումից, համբուրվելուց։

4․ Զանգահարե՛ք, բժշկին մի այցելեք
Բոլոր բժշկական այցելությունները նախապես քննարկե՛ք համապատասխան մասնագետի հետ։

5. Թեստ հանձնե՛ք
Եթե ունեք COVID-19-ի ախտանշաններ, թեստ հանձնեք։ Թեստի արդյունքներին սպասելիս մեկուսացեք այլ անձանցից, այդ թվում ընտանիքի անդամներից²:

6․ Կրե՛ք բժշկական դիմակ
Կրեք, երբ գտնվում եք ուրիշների հետ մի սենյակում։

7. Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս
Հազալիս և փռշտալիս փակե՛ք բերանը և քիթը մեկանգամյա անձեռոցիկով։ Գցե՛ք անձեռոցիկները պլաստիկ աղբի տոպրակի մեջ, և անմիջապես լվացե՛ք ձեռքերը։

8. Հաճախակի լվացե՛ք ձեռքերը
Հաճախակի լվացե՛ք ձեռքերը օճառով և ջրով առնվազն 20 վայրկյանի ընթացքում և մանրակրկիտ չորացրեք։ Խուսափեք չլվացված ձեռքերով աչքերին, քթին և բերանին դիպչելուց։

9. Առանձնացրե՛ք տնային պարագաները
Առանձնացրե՛ք սպասքը, սրբիչները, անկողնային պարագաներ և այլ իրերը տան մյուս անդամներից։ Այս իրերն օգտագործելուց հետո, մանրարկրկիտ լվացեք դրանք օճառով և ջրով։

10. Հյուրեր մի՛ ընդունեք
Ձեզ հետ տանը կարող են մնալ միայն Ձեր տան անդամները։ Հյուրեր մի՛ հրավիրեք և մի՛ ընդունեք։ Շփվե՛ք առցանց։

11. Տնային կենդանիներ
Աշխատեք հեռու մնալ Ձեր տնային կենդանիներից։ Եթե անխուսափելի է, ապա լվացե՛ք ձեռքերը նախքան շփումը և շփումից հետո։

12. Լվացքի համար ապահովե՛ք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան
Լվացքի ժամանակ ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան՝ լվացքի փոշու համադրությամբ։ Չորացրեք և արդուկեք թույլատրելի ամենաբարձր ջերմաստիճանով։ Կրեք մեկանգամյա ձեռնոցներ և գոգնոց, երբ գործ ունեք աղտոտված իրերի հետ։

13. Լվացքը լվացքատուն մի՛ ուղարկեք։
Լվացքը լվացքատուն ուղարկելու անհրաժեշտություն չկա:

14. Հերմետիկ փակե՛ք աղբամանը
Օգտագործած անձեռոցիկները, դիմակները և այլ կենցաղային աղբը հավաքեք աղբի համար նախատեսված տոպրակներում և լցվելուն պես կապեք, տեղադրեք մեկ այլ տոպրակի մեջ և կրկին կապեք, որից հետո աղբը հեռացրեք:

15. Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը
Հիվանդության վատթարացման դեպքում՝ ջերմության բարձրացում, դժվարացած շնչառություն, ախտանշանների զարգացում կամ նոր ախտանշաններ, զանգահարեք 060838300։ Արտակարգ դեպքում զանգահարեք շտապ օգնություն և տեղեկացրեք օպերատորին, որ գտնվում եք ինքնամեկուսացման մեջ։