Տեղեկատվություն COVID-19-ի EG.5 տարբերակի վերաբերյալ
Համաձայն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Օգոստոսի 10-ի տեղեկանքի՝ աշխարհում վերջին 28 օրվա ընթացքում (2023 թվականի հուլիսի 10-ից մինչև 2023 թվականի Օգոստոսի 6-ը) նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության մոտ 1.5 միլիոն նոր դեպք և 2500 մահ: ԱՀԿ-ի բոլոր վեց տարածաշրջաններում արձանագրվել է դեպքերի և մահացության նվազում:
Աշխարհում վերջին 28 օրվա ընթացքում նոր գրանցված դեպքերի թիվը նվազել է ԱՀԿ-ի 6 տարածաշրջաններից 5-ում՝ Աֆրիկյան տարածաշրջանում (-77%), Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանում (-57%), Արևելյան տարածաշրջանում, Միջերկրական տարածաշրջանում (-50%), Եվրոպական տարածաշրջանում (-46%) և Ամերիկայի տարածաշրջանում (-42%), մինչդեռ դեպքերի թիվն աճել է Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (+137%):
EG.5-ն առաջին անգամ զեկուցվել է 2023 թվականի փետրվարի 17-ին և այժմ այն դիտարկվում է, որպես հետաքրքրություն ներկայացնող (VOI) տարբերակ:
Այն COVID-19-ի վերջին տարբերակն է, որը շատ սերտորեն կապված է Omicron XBB տարբերակների հետ: Նոր ենթատեսակի ախտանշանները նույնն են, ինչ մյուս տարբերակներինը, մասնավորապես՝ հազ, փռշտոց, հարբուխ, գլխացավ, մկանացավ և այլն:
Ընդհանուր բնակչության համար այս տարբերակը չպետք է մեծ մտահոգություն առաջացնի: Բայց սա կարևոր հիշեցում է ռիսկի խմբերի համար, հետևաբար պետք է հաշվի առնել դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու հանգամանքը և համապատասխան կլինիկական ախտանշանների առկայության դեպքում՝ թեստավորվել:
Ներկայումս EG.5-ի պատճառով հիվանդության ծանրության բարձրացման մասին հաղորդումներ չկան: