Ստորագրվել է Համագործակցության երկամյա համաձայնագիր
Համագործակցության նպատակը ՀՀ առողջապահության նախարարությանը առողջապահական ազգային նպատակներին հասնելու գործում աջակցելն է` սերտորեն համագործակցելով քաղաքացիական հասարակության, զարգացման գործընկերների և այլ հիմնական շահագրգիռ կողմերի հետ, որոնք կծառայեն Հայաստանի քաղաքացիների համար ավելի լավ կյանք և բարեկեցություն ապահովելու գործին:
Բացման խոսքով հանդես է եկել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը` անդրադառնալով գործընկերության ընթացքում արձանագրված ձեռքբերումներին և հանրային առողջապահության միջազգային ռազմավարական նպատակներին:
Առողջապահության նախարարը հատկանշել է, որ առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի միջև գործակցությունն առանցքային է ու նաև դրա շնորհիվ հնարավոր կլինի հասնել առողջապահական այն հիմնաքարային ցուցանիշներին, որոնց ձգտում է ՀՀ կառավարությունը: «Ուրախ եմ նշել, որ կառավարության 2021-2026 թվականների ռազմավարությունը ներառում է առողջապահական այնպիսի ցուցանիշներ, որոնք համահունչ են համաշխարհային օրակարգին։ Քանի որ COVID-19 համավարակի վերջին ալիքը աստիճանաբար նահանջում է, մենք, բարեբախտաբար, կարող ենք կրկին մեր ջանքերն ու ռեսուրսներն ուղղել գլոբալ առողջապահական սպառնալիքների դեմ, որոնք դեռևս առկա են: Համաձայնագրի շրջանակում առավել ուշադրություն կդարձնենք մեզ համար կարևորագույն այնպիսի ուղղությունների, ինչպիսիք են համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովումը, առողջապահական համակարգի հզորացումը, առողջապահական արտակարգ իրավիճակներից պաշտպանությունն ու բազմաթիվ այլ ոլորտներ», - նշել է Անահիտ Ավանեսյանը։
ՀԵՀ-ն հիմնված է ԱՀԿ-ի և ՀՀ կառավարության միջև երկարատև գործընկերության ընթացքում արձանագրված ձեռքբերումների վրա, որոնց թվում են նաև ծխախոտի դեմ պայքարը, արտակարգ իրավիճակներին արձագանքելու պատրաստվածությունը, արդյունավետ արձագանքը COVID-19 համավարակին, հոգեկան առողջությունը։ Այն համահունչ է հանրային առողջապահության միջազգային ռազմավարական այնպիսի նպատակներին, ինչպիսիք են ԱՀԿ Աշխատանքի եվրոպական ծրագիրը և առողջապահությանը վերաբերող կայուն զարգացման նպատակները:
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Կլյուգեն, մասնավորապես, ընդգծել է. «Այսօր ստորագրված համաձայնագրով Հայաստանի օրակարգում առավել առաջնային է դառնում առողջությունը և կարևորվում է դրա նշանակությունը` որպես մարդու հիմնարար իրավունք և զարգացման առանցքային առաջնահերթություն՝ ավելի լավ տնտեսության, խաղաղության և անվտանգության համար»:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է իմունիզացիան՝ որպես հանրային առողջապահության միջոց, արտակարգ իրավիճակներին արձագանքելու պատրաստվածությունը, արդյունավետ արձագանքը COVID-19 համավարակին, պատվաստանյութերի և պատվաստումների խթանումը, ծխախոտի դեմ պայքարը և հոգեկան առողջությունը: Այնուհետև Անահիտ Ավանեսյանն ու Հանս Կլյուգեն պատասխանել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: