Իմունականխարգելման եվրոպական շաբաթ (EIW22) Հայաստանում
Այս տարի EIW22-ի շրջանակում նշվում են պատվաստումների շնորհիվ արձանագրված հաջողությունները, այդ թվում` պոլիոմիելիտի գլոբալ վերացման գործում, կարմրուկի և կարմրախտի տարածաշրջանային վերացման ուղղությամբ առաջընթացը, ինչպես նաև ավելի մեծ ձեռքբերումներ ունենալու ներուժը, օրինակ` հեպատիտ Բ-ի վերահսկումը և պատվաստումների միջոցով արգանդի վզիկի քաղցկեղի հաղթահարումը: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում COVID-19-ի դեմ պատվաստման միջոցով փրկված հարյուր հազարավոր կյանքերն արդեն իսկ վկայում են պատվաստման արդյունավետության մասին։
Անահիտ Ավանեսյանը, Հանս Կլյուգեն, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստին Վեյգանդը այցելել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում գտնվող պատվաստման սենյակներ։
Դոկտոր Կլյուգեն ծանոթացել է Հայաստանում Իմունականխարգելման ազգային ծրագրի ձեռքբերումներին, զրուցել բուժաշխատողների և փոքրիկների ծնողների հետ, ովքեր եկել էին իրենց պլանային պատվաստումները ստանալու:
Բարձր գնահատելով պլանային պատվաստումների ապահովման գործում առողջապահության նախարարության շարունակական ջանքերը` ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենը ևս մեկ անգամ շեշտել է պատվաստումային գործընթացի և դրան միտված աշխատանքների կարևորությունը:
COVID-19-ի դեմ պատվաստվող տարեցների հետ զրուցելիս Հանս Կլյուգեն նշել է. «Պատվաստանյութերն անվտանգ և արդյունավետ են։ Պատվաստվելը չափազանց կարևոր է, քանի որ այդպես դուք պաշտպանում եք Ձեզ, այլ մարդկանց, ինչպես նաև ձեր անձնական ներդրումն եք ունենում Հայաստանին օգնելով իր կարևոր ռազմավարական նպատակին հասնելու՝ ընդհանուր առմամբ COVID-19 պատվաստումների ծածկույթն ավելացնելու գործում»:
Գնահատելով բուժաշխատողների շարունակական նվիրվածությունն ու հանձնառությունը՝ մարդկանց առողջությունն ու բարեկեցությունը Հայաստանում և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում բարելավելու գործում, դոկտոր Կլյուգեն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և նրա միջոցով Հայաստանի բոլոր բուժաշխատողներին պաշտոնապես հանձնել է 2021 թվականին շնորհված Առողջապահության և խնամքի աշխատողների միջազգային մրցանակը:
Դոկտոր Կլյուգեն ընդգծել է, որ մրցանակը բուժաշատողների անմնացորդ նվիրվածության, այդ թվում նաև վերջին երկու տարվա ընթացքում COVID-19 համավարակին արձագանքի շրջանակում գնահատանքի և երախտագիտության նշան է: Նա ընդգծել է բուժաշխատողների համար լուրջ ներդրումներ կատարելու հրատապ անհրաժեշտությունը՝ առողջության, աշխատատեղերի և տնտեսական զարգացման ոլորտներում ընդհանուր առաջընթացներ ունենալու համար:
Անահիտ Ավանեսյանն իր հերթին ընդգծել է, որ վերջին տարիներին բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման և բուժօգնության ծառայությունների որակի բարելավմանն ուղղված միջոցառումների ակտիվ փուլում է թևակոխել առողջապահության նախարարությունը, ծրագրեր են իրականացվում նաև բժշկական կենտրոնների վերազինման ու նորերի կառուցման ուղղությամբ: Անդրադառնալով համավարակի դեմ պայքարին` նախարարը նշել է. «Այս դժվարին երկու տարիները ցույց տվեցին, որ միասնական ուժերով հնարավոր է հաղթանակների հասնել: Համավարակի դեմ պայքարում քայլ առ քայլ գրանցած մեր հաջողութունները միայն ձեր նվիրումի և անձնվեր աշխատանքի շնորհիվ են, սիրելի՛ բժիշկներ: Ես հպարտությամբ կարող եմ փաստել, որ մասնագիտական պրոֆեսիոնալ մոտեցումների և համակարգված աշխատանքի շնորհիվ` կարողացել ենք դիմակայել բոլորիս համար անծանոթ այս լուրջ մարտահրավերին: Չնայած դեռ COVID-19-ը լիարժեք հաղթահարված չէ, այդուհանդերձ, պատվաստումային գործընթացը շարունակվում է, և հանրային իմունիտետի ձևավորումը հույս է ներշնչում, որ համավարակի զսպումը հնարավոր է»:
«COVID-19 համավարակի առաջին իսկ օրվանից Եվրոպական միությունը ԱՀԿ-ի հետ միասին աջակցել է Հայաստանի կառավարությանը համավարակին արդյունավետ արձագանքելու գործում։ ԵՄ-ն Հայաստանին պատվաստանյութերի նվիրատվություններով աջակցող ամենամեծ դոնորներից մեկն է, ԵՄ անդամ պետությունների հետ համատեղ։ Լիահույս ենք, որ շարունակական պատվաստումների միջոցով կբարելավվի երկրի ընդհանուր վիճակը, քանի որ Հայաստանը Արևելյան հարևանության երկրների շրջանում պատվաստումների դեռևս ամենացածր ցուցանիշ ունեցողների շարքում է», - նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։