Պորտուգալիան Հայաստանին 400 հազար 140 դեղաչափ «Պֆայզեր» պատվաստանյութ է նվիրաբերել
Այս մատակարարումը, ԵՄ-ի ֆինանսավորմամբ, պատվաստանյութի դեղաչափերը Արևելյան գործընկերության երկրներին հասցնելու «Եվրոպայի Թիմ»-ի նախաձեռնությամբ իրականացվող նորարարական ծրագրի մի մասն է։ Ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերին, Լեհաստանի կառավարության համակարգմամբ և, դրան անհապաղ միացել է Պորտուգալիան։
ԵՄ ֆինանսավորմամբ նոր մեխանիզմի միջոցով նվիրաբերված դեղաչափերի առաջին մասնաքանակը հասել է Հայաստան, իսկ մյուս մասը` նախատեսվում է ապրիլ ամսվա ընթացքում։
«Ուրախ եմ արձանագրել, որ COVID-19 պատվաստանյութը արդեն Հայաստան է հասցվել ճգնաժամային ժամանակաշրջանում և պետք է նպաստի երկրում պատվաստանյութերի իրացման ծավալների աճին։ Առաքումն արտահայտում է Հայաստանի հետ համերաշխությունը համավարակի և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղված ընդհանուր պայքարում։ Երախտապարտ եմ Պորտուգալիային իրենց առատաձեռն հանձնառության և Լեհաստանին այս նվիրատվությունն իրականություն դարձնելու ջանքերի համար»,- նշել է հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյին։
Պորտուգալիայի պետական և արտաքին գործերի նախարար Աուգուստո Սանտոս Սիլվան ընդգծել է՝ ապահով չենք ոչ մեկս՝ այնքան ժամանակ քանի դեռ ապահով չեն բոլորը։ Պորտուգալիան ի սկզբանե իր առաջնային հանձնառությունն է համարել պատվաստումների իրականացման միջազգային գործընթացի աջակցությունը, որպես իր մասնակցությունը COVID-19 համավարակի հաղթահարման համաշխարհային ջանքերին։ Լեհաստանի հետ ջանքերի մեկտեղումը Հայաստանում պատվաստման արշավներին արտացոլում է «Եվրոպայի Թիմ»-ի սկզբունքային մոտեցումը, այն է՝ նախ և առաջ ընդգծելը, որ մենք ուժեղ ենք, երբ միասին ենք։
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը համակարգել է այս նվիրատվությունը և համապատասխանեցրել Պորտուգալիայի պարտավորությունները Հայաստանի ավելացող կարիքներին։ Լեհաստանը նաև վերահսկել է անհրաժեշտ պատվաստանյութ արտադրողի հետ պայմանավորվածությունները առաքումը ժամանակին ապահովելու համար։
«Այսօր խոսքը վերածվում է գործի․ 2021 թվականի դեկտեմբերի կեսին Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ մեկնարկած պատվաստանյութերի եվրոպական նախաձեռնությունը չափելի կարևորություն է ստանում։ «Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը, որը համակարգում և աջակցում է Լեհաստանը, որն ուղղված է Արևելյան գործընկերության երկրներում COVID-19-ի դեմ պատվաստումների ազատ, արդար և կայուն հասանելիությանը, արդեն ակտիվ է: Պորտուգալական նվիրատվությունը Հայաստանին կապում է մայրցամաքը նրա արևմտյան եզրից մինչև արևելյան եզրը՝ ընդգծելով եվրոպական համերաշխությունը համաշխարհային համաճարակի դեմ համատեղ պայքարին։ Լեհաստանի համար սա Արևելյան գործընկերության ստեղծման հիմքում դրված գաղափարների իրագործման ևս մեկ վառ օրինակ է՝ համագործակցությունը, ամրապնդումը և համերաշխությունը», - նշել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն։
«Երախտապարտ ենք Պորտուգալիայի առատաձեռն հանձնառությանը և Լեհաստանի՝ այս ամենը կյանքի կոչելու համար ներդրված ջանքերին։ Մենք շարունակում ենք միասին պայքարել COVID-19-ի դեմ», - նշել է ԵՄ դեսպանը ՀՀ առողջապահության նախարարության հետ նվիրատվության փոխանցման ընթացքում։
«Շնորհակալություն մեր գործընկերներին այս ընթացքում ցուցաբերած սոլիդար վերաբերմունքի համար` ուղղված համավարակի զսպմանը: Հայաստանում արդեն 2 միլիոնից ավելի դեղաչափ պատվաստում է իրականացվել, 95 հազարից ավելի մարդ ամբողջապես պատվաստվել է: Մեր երկիրն անում է ամեն բան պատվաստանյութերի բազմազանությունն ապահովելու համար, և այս նվիրատվությունը ևս մեկ քայլ է պատվաստանյութերի հասանելիությունն ապահովելու հարցում»,- նշել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։